05.12.2011
Դեկտեմբերի 3-ին ուշ երեկոյան ավարտվեց ArmNet Awards 2011 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ: ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում արդեն երկրորդ անգամ, կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը:
Մրցույթը կազմակերպվել է SPMS ընկերության, Orange Armenia ընկերության և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպության կողմից:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 6 անվանակարգերում, ինչպես նաև երկու հատուկ մրցանակ հանձնվեց ժյուրիի կողմից կայքի հանրային կարևորության և ազդեցության համար:
«Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://armenianmonuments.org կայքը` հետևում թողնելով http://daronmouradian.com, http://vtv.am և http://tashirpizza.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:
«Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://parliamentmonitoring.am կայքը: Հաղթանակին հավասարաչափ հավակնում էին նաև http://1in.am, http://civilnet.tv, http://ecolur.org կայքերը:
«Լավագույն նորարարություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://annoisy.org կայքն իր յուրահատուկ լուծումներով: Հաղթանակին հավակնում էին նաև http://publicdata.am, http://parliamentmonitoring.am և http://givemeinfo.am կայքերը:
«Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթողը դարձավ http://yerevanguide.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://webtv.am, http://eventot.com և http://yerevan.am կայքերը:
«Լավագույն բովանդակություն» անվանակարգում մրցանակը հանձնվեց http://genocide-museum.am կայքին: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://ecolur.org, http://chtesutyun.arnet.am և http://hra.am կայքերը:
Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, այս տարի նույնպես տրվեց ինֆորմացիոն կայքի: Այն Orange-ի ղեկավարությունը ժյուրիի առաջարկով հանձնեց m.lragir.am-ին: Այս անվանակարգում մասնակիցները թվով շատ չէին, սակայն արդեն մի քանի անգամ ավելին էին, քան նախորդ տարի, ինչը խոսում է այս ուղղությամբ նկատելի զարգացումների մասին:
«Համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի մեծ թվով օգտագործողներ են ինտերնետից օգտվում իրենց բջջային հեռախոսների միջոցով, և Հայաստանը բացառություն չէ: Այս մրցանակով ոչ միայն ցանկանում ենք պարգևատրել լավ կառուցված մոբայլ ադապտացիայի համար, այլ նաև խրախուսել մյուս կայքերին նույնպես զարգացնել իրենց կայքերն այս ուղղությամբ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև մրցանակ «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում: SMS քվեարկությունը, որի միջոցով էլ ընտրվել է « ամենաժողովրդական » կայքը, տևեց նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 3-ը: Քվեարկությանը մասնակցեցին 8224 բաժանորդներ, որոնցից 1259-ի ձայներն ուղղված էին http://newsinfo.am լրատվական կայքին:
ArmNet Awards 2011 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parliamentmonitoring.am կայքը, որը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգրում առավելագույն թվով միավորներ հավաքած կայքին: Կայքը համաչափորեն զարգացած է բոլոր առումներով. թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով և գնահատվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես ArmNet մրցանակաբաշխությունը թույլ տվեց բացահայտել բազմաթիվ հետաքրքիր կայքեր: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել այն կայքերը, որոնք հայտնվել էին հավակնորդների ցանկում, քանի որ մեր երկար ու դժվար աշխատանքի արդյունքում, իսկ մենք մեկ առ մեկ դիտարկել են 569 կայք, հիրավի հետաքրքիր էջեր են գտնվել, որոնք լավագույնս նկարագրում են հայկական ինտերենտի բովանդակային զարգացումը», ասաց Ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանը:
Մրցանակաբաշխության ավարտին ժյուրին հատուկ մրցանակներ հանձնեց http://granish.org և http://publicdata.am կայքերին, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ դերակատարում ունի իր ոլորտում: