Հայտնի են դարձել ArmNet Awards 2010-ի հաղթողները
Դեկտեմբերի 4-ին ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ: Մրցույթը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել ոլորտի մոնետիզացիային: Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Orange Armenia ընկերության և Circle.am կայքի կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:
« Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էին տարբեր ոլորտներ ներկայացնող 640 կայքեր, մրցակցությունն իսկապես մեծ է եղել: Մենք մեծ ոգևորությամբ ենք մասնակցել այս նախագծի կյանքի կոչմանը, ոչ միայն որովհետև ինտերնետը դինամիկ ոլորտ է, և մեր բիզնեսի հիմնական ճյուղերից մեկը, այլ նաև որովհետև հավատում ենք, որ ArmNet կոնֆերանսն ու մրցույթը իսկապես արժեք են ստեղծում այս ոլորտում: Վստահ ենք, որ այս մրցույթը կնպաստի հայկական վեբ կայքերի խթանմանն ու զարգացմանը, և մենք սրանով կօգնենք մեր բաժանորդներին ունենալ ավելի բարձր որակի վեբ միջավայր », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 6 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:
« Դիզայն և հարմարավետություն » անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը` փոքր տարբերությամբ հետևում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru և http://parajanovmuseum.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:

« Տարվա առաջընթաց » անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը` հատկապես մարդկանց առօրյա կյանքում մեծ օգտակարության և ազդեցության, ինչպես նաև կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար: Հաղթանակի մեծ հնարավորություններ ունեին նաև http://hand-made.am, http://www.e-gov.am և http://www.hayland.am կայքերը:

« Լավագույն նորարարություն » անվանակարգում միաձայն լավագույնը ճանաչվեց http://e-gov.am կայքը: Ժյուրին բարձր գնահատեց այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթանակին հավակնում էին նաև http://armenianfamilytree.com, http://e-courses.am և http://hayeren.am կայքերը:

« Լավագույն տեխնիկական կատարում » անվանակարգում հաղթողը դարձավ http://parajanovmuseum.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://e-courses.am, http://e-gov.am և http://tvarm.ru կայքերը:
![IMG_4075[1].jpg IMG_4075[1].jpg](/upload/medialibrary/b96/IMG_4075m1z.jpg)
« Լավագույն բովանդակություն » անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին, որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք: Ժյուրին կայքն առանձնացրեց նաև այն առումով, որ վերջինս համացանցում լրատվական կայքերից բացի ամենահաճախ մեջբերվող կայքերից է: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://arartplatform.com, http://armenian-tales.ru և http://yerevan.ru կայքերը:

Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Այս անվանակարգում մասնակիցները թեև թվով քիչ էին, սակայն mobile.a1plus.am կայքն արագորեն ստացավ Orange-ի և ժյուրիի բարձր գնահատականը` հատկապես հարմարավետ ինտերֆեյսի համար:
« Համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի մեծ թվով օգտագործողներ են ինտերնետից օգտվում իրենց բջջային հեռախոսների միջոցով, և Հայաստանը բացառություն չէ: Այս մրցանակով ոչ միայն ցանկանում ենք պարգևատրել լավ կառուցած մոբայլ կայքի համար, այլ նաև խրախուսել մյուս կայքերին նույնպես զարգացնել իրենց կայքերն այս ուղղությամբ », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը, որը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգրում առավելագույն թվով ձայներ հավաքած կայքին: Կայքը համաչափորեն զարգացած է բոլոր առումներով. թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով և միանշանակ ընդունվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից: Կայքը մեծապես կարող է նպաստել հայկական մշակույթը ներկայացնելուն:

« Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ եմ, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կմասնակցեն մրցույթին մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց», ասաց Ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանը:

Մրցանակաբաշխության ավարտին « Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար » հատուկ շնորհակալական մրցանակներ հանձնվեցին նաև freenet կայքին:


